
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀԱՊԿ վերաբերյալ օրինագծերին

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այն օրինագծերին, որոնք հնարավորություն կտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու և «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերին:
«Մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս անգամ` կանոնադրությունում: Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն, համաձայն որի` կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: