«Այս աճը մենք չենք համարում հեղափոխական, բայց մյուս կողմից սա գործընթացի մեկնարկն է»
Այսօր կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ՝ այս տարվա սեպտեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձերի 10% բարձրացման համար: Գումարը կհատկացվի 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն հնարավոր է դարձել դա անել արդեն այս տարի սեպտեմբերից:
«Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել և կրթական համակարգի համար սա լավ գործընթաց է բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու համար»,- ասաց Ա.Հարությունյանը:
Ըստ նրա՝ դպրոցների ֆինանսավորման բանաձև է սահմանվելու, մեկ դրույքի համար նվազագույն շեմը կլինի 108 հազար, դա պատրաստ կլինի հունվարից: Նախարարի խոսքով՝ ֆինանսավորումն ավելի արդար կլինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրացումը վերաբերում է 38 հազար ուսուցչի: Նա հետաքրքրվեց, թե արդյո՞ք նույն չափով համատարած է բարձրացումը:
Ա.Հարությունյանը հաստատեց և հավելեց, որ կեղծ են լուրերը, որ այս բարձրացման համար կրճատումներ են արվել դպրոցներում: Նրա հավաստմամբ՝ կրճատումներն այնքան են, որքան պետք է լինեին, ուսումնական պլաններ չեն կրճատվել, հիմնականում տարիքային են կրճատումները: Նա կոչ արեց լրատվամիջոցներին՝ տուրք չտալ այդ տեղեկություններին:
Ն.Փաշինյանն արձանագրեց, որ այս պրոցեսի խորքային նպատակներից մեկը դպրոցներում ուսուցիչների որակավորման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ որակ ապահովելն է, և դրա համար աշխատավարձի բարձրացումը պետք է անընդհատ լինի կառավարության ուշադրության կենտրոնում.
«Այս աճը մենք չենք համարում հեղափոխական, բայց մյուս կողմից սա գործընթացի մեկնարկն է, և կշարունակվի, եթե մենք կարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցենք»: