«Շիշկինն ինքն է իրեն լուրջ քաղաքական գործչի տեղ դնում, և հնարավոր է՝ անգամ իր ետևից չգան»
Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ. Խնդրի շուրջ 168.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։
– Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս փաստը:
– Ես բազմիցս առիթ ունեցել եմ խոսել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները, ըստ էության, գտնվում են բավականին խորը ճգնաժամային դրության մեջ, չնայած պաշտոնական հայտարարություններում երկու կողմերն էլ մշտապես հղում են պատմական փորձին, դարավոր եղբայրությանը, և այլն, բայց փաստն այն է, որ պարզ հարցերում կողմերի միջև չկա համաձայնություն, չկա փոխգործակցություն:
Նիկոլ Փաշինյանը նաև փորձում է հավասարության նշաններ դնել երկու երկրների հարաբերություններում՝ առանց հաշվի առնելու բաներ, որոնք իսկապես կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, մասնավորապես՝ այն փաստը, որ տնտեսության և անվտանգության հարցերում հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Եվ ամբիցիաներ բավարարելու համար կամ հեղինակություն ցույց տալու համար, ոչ թե ստեղծելու, այլ ցույց տալու համար, նա նման փոքր խնդիրների միջոցով ռիսկի տակ է դնում ավելի կարևոր խնդիրները: Ես կարծում եմ, որ սա լուրջ հարց է: Լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար և այն տեսակետից, որ իսկապես մեր արտաքին քաղաքականությունը որևէ հաշվարկի վրա հիմնված չէ, հիմնված է բացառապես Նիկոլ Փաշինյանի ամբիցիաների վրա և, մեղմ ասած, իր «երազած տղու» կերպարին համապատասխանելու ձգտումների վրա:
Մինչ այս պահը հայ-ռուսական կողմն այդ ամենը հաշվի առնելով, հասկանալով, այնուամենայնիվ որոշակի զիջումների գնացել է, բայց զիջումների պատճառը եղել է ոչ թե Փաշինյանի կամ Հայաստանի քաղաքական շահը, այլ այն պարզ գիտակցությունը, որ մեր երկրում, մեղմ ասած, տարօրինակ իրավիճակ է ստեղծված, և ռուսական կողմը չի ցանկանում, որպեսզի հայ ժողովուրդը և հայկական պետությունն ավելի շատ տուժի այդ իրավիճակից, քան կա: Այստեղ իրենք իրենց շահերի ետևից մինչև վերջ չեն գնում և շատ բաների վրա աչք են փակում, և այս պարագայում էլ փոքրիկ հույս կա, որ հերթական անգամ մենք կարժանանանք Ռուսաստանի բարեխիղճ և բարեհաճո վերաբերմունքին: Բոլոր դեպքերում դա ևս իր գինն ունի, և հետագայում հայկական պետությունը վճարելու է դրա գինը:
– Կոնկրետ ի՞նչ խնդիրներ սա կարող է առաջացնել Հայաստանի համար:
– Խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամն է, դրա վատթարացումն է և հնարավոր համապատասխան քայլերն են Ռուսաստանի կողմից, օրինակ՝ գազի թանկացում, զենք-զինամթերքի վաճառքի պայմանների վերանայում կամ այլ պայմանների չեղարկում: Ռուսաստանը շատ գործիքներ ունի պատասխանելու համար:
– Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը կպահանջի՞ Շիշկինին:
– Չեմ կարծում: Չգիտեմ, Շիշկինի կարևորությունն ինչքան է, ըստ երևույթին մեծ չէ և, մեղմ ասած, ինքն է իրեն լուրջ քաղաքական գործչի տեղ դնում: Իրականում նա որևէ ազդեցություն չունի, և հնարավոր է՝ անգամ իր ետևից չգան էլ, հատկապես, որ այս պահի դրությամբ, որքան տեղյակ եմ, քրեական հետապնդում չկա, այսինքն՝ նա եղել է դատապարտված՝ ժամկետը լրացել է, ազատ է արձակվել:
ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ