«Իմ կինը հիմնարկ չունի». Արսեն Թորոսյան
«Առաջինը, որին ուզում եմ արձագանքել, թիվ է, որ 2.7 մլրդ դրամ տվել եմ կնոջս հիմնարկին. միանգամից ասեմ, որ իմ կինը հիմնարկ չունի, պարզապես տնօրեն է մի բժշկական հիմնարկի, որի մասին բազմիցս խոսել եմ: Չգիտեմ՝ այդ թիվը որտեղից են վերցրել: Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ է, և տարբեր բժշկական կենտրոններին 5-10 մլն դրամ է տրվել՝ կախված հիվանդների հաճախելիությունից»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան Գևորգ Թամամյանի այն հայտարարության, թե Արսեն Թորոսյանն իր կնոջ կենտրոնի պետպատվերներն ավելացրել է՝ դարձնելով մոտ 2.7 մլրդ:
Թամամյանի մյուս հայտարարությունների մասին նախարարը չցանկացավ խոսել՝ դրանք որակելով «անհեթեթություն», և անդրադարձավ միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի շուրջ բարձրացված աղմուկին.
«Թե ինչու ազատվեց ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը. եթե ես հնարավորություն ունԵնայի այդ որոշումը մեկ տարի առաջ ընդունել, կընդունեի մեկ տարի առաջ: Պարզապես, այս կենտրոնը չէր գտնվում ԱՆ ենթակայության տակ, դրա համար որոշումը հիմա է ընդունվել: Ես հարց ունեմ՝ արդյո՞ք քաղաքացիները գոհ էին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աշխատանքից, որովհետև ամենաշատ բողոքները մենք այնտեղից ենք ստացել:
Այդ բողոքները հիմք են մեր որոշումների կայացման, և ներդրողների հետ կապված փաստը, որի մասին ես հրապարակում եմ արել: Այնպես որ, որոշումը միանշանակ ճիշտ է. այդ կենտրոնը զարգանալու է մեր հովանու ներքո»,- ասաց նա՝ ընդգծելով, որ որևէ պաշտոն ժառանգական չէ:
«Ինձ և շատ տնօրենների ժամանակի ընթացքում փոխելու են, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս մտավ մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարության ուռուցքաբանության նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:
Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացավ դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին: