Էրդողանն անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու թեմային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Այս մասին հայտնում է թուրքական «Ա հաբեր» լրատվամիջոցը:
Նախագահը հայտարարել է, որ եթե իրենց զինվորները մի քանի շաբաթվա ընթացքում այդ շրջանը վերահսկողության տակ չվերցնեն, ապա գործի կդրվի այլ ծրագիր:
«Անվտանգ գոտու ստեղծմամբ մենք այնպես ենք անելու, որ բախումների հետևանքով Սիրիան լքած քաղաքացիները վերադառնան իրենց հայրենիք: Հակառակ դեպքում՝ չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ կարող ենք պահել մեր երկրում հաստատված 3 մլն 650 հազար սիրիացի փախստականներին»,- հայտնել է նա:
Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:
Թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են հասել, և օգոստոսի 24-ից սկսել է գործել Համատեղ գործողությունների կենտրոնը, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները: