«Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում փողոցի արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը հերթական ահազանգը հնչեցրեց պաշտպանյալի առողջության բացասական դինամիկայի վերաբերյալ, իսկ գործը բնութագրեց՝ որպես «իրավական բեսպրեդել»:

Փաստաբանը հիշեցրեց, որ դեռևս հունիս ամսի ՄԻԵԴ հայտնի որոշումից հետո անհապաղ միջոցառումներ կիրառվեցին Մ. Գրիգորյանի նկատմամբ, և նա տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց:

«ԱՆ նախարարը հրաման արձակեց, որպեսզի հետազոտեն Գրիգորյանի հիվանդությունները, որից հետո ահազանգեցին, որ գրանցվել է հիվանդությունների բացասական դինամիկա, և նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հետո տեղափոխվեց «Նաիրի» ԲԿ, որտեղ ևս արձանագրեցին բացասական դինամիկա»,- նշեց նա՝ հավելելով, որ ցայսօր դինամիկան բացասական է:

Ըստ Լ. Բաղդասարյանի՝ բոլոր հիմքերը կան, որպեսզի Մանվել Գրիգորյանի խափանում կալանքը փոխվի. «Բայց կախյալ դատարանն այդ մասով մեր միջնորդությունը չբավարարեց, այլ բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու: Մոտ երկու ամիս առաջ ստեղծվեց այդ հանձնաժողովը, և այս պահի դրությամբ հանձնաժողովի ֆինիշը չի երևում»:

Կարդացեք նաև

168.amի հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել պաշտպանները, փաստաբանը պատասխանեց. «Այնքանով, որքանով ՄԻԵԴ-ի տիրույթում է, մենք բոլոր փաստերը հավաքում ենք և ուղարկում ենք ՄԻԵԴ»:

Խոսելով գործի առնչությամբ հնարավոր ուղղորդումների մասին՝ Լ. Բաղդասարյանը նշեց. «Բազմիցս պաշտպանական կողմն արձանագրել է հետևյալը, որ Գրիգորյանի գործով տեղի է ունենում փողոցի արդարադատություն, ընտրովի արդարադատություն, ինչը մինչ օրս շարունակվում է, թե թելերն ո՞ւր են տանում, կդժվարանամ ասել»:

Ի դեպ, Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու վաղը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս