Ադրբեջանը հասավ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն. Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի պաշտոնական արձագանքը. «Փաստինֆո»
Կովկասի ալբանաուդիական քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները օրերս հայտարարել են Աղթամար կղզում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հանդեպ իրենց իրավունքների մասին: Աբսուրդի թատրո՞ն է՝ հավանաբար կմտածեն շատերը:
Ըստ «Փաստինֆոյի»՝ աբսուրդի ժանրին պատկանող այս նախադասությունը շարունակություն ունի. ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները թուրք-ադրբեջանական դրոշներով մտել են ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցի և կրոնական արարողություն են կատարել:
Իսկ թուրքական ԶԼՄ-ներն էլ ի լուր աշխարհի ծանուցել են, որ սույն «ուխտագնացները» /իրականում՝ սուտ-ուխտագնացները Ա. Ե. / հայտարարել են, թե՝ Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին քրիստոնյա ալբաններն են կառուցել: ՈՒ ոչ ավել, ոչ պակաս՝ դիմել են մեծ եղբայր Թուրքիային, որ վերջինս թույլ տա իրենց՝ հոգևոր ծեսեր կատարեն հայկական եկեղեցում:
Հիմա՝ հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարձագանքի ՀՀ ԱԳՆ-ն վերը նշված փաստին: Ինչպե՞ս կարձագանքի Հայ առաքելական եկեղեցին այս անհեթեթությանը: Կամ՝ Հայաստանի ճարտարապետների պալատը կբարձրաձայնի՞ տեղի ունեցածը: Ի վերջո, հարկ է նաև, որ քաղաքաշինության կոմիտեն անդրադառնա սրան: Ի հավելումն, հայկական հուշարձաններով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վերանորոգվել և այցելուների համար բացվել է որպես թանգարան 2007 թվականին: Ապա՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը` հայկական եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմամբ 2010 թվականից ի վեր տարին մեկ անգամ թույլատրվեց Սուրբ Խաչում պատարագ իրականացնել: Նույն տարում սեպտեմբերի 30-ին եկեղեցու գմբեթին տեղադրվեց խաչ, որը օծվեց Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդի կողմից:
Գագիկ Առաջին Արծրունու օրոք կառուցված /10-րդ դար/ այս եկեղեցին հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից է, որի արժևորումն ու հանրահռչակումը 9-10 տարի առաջ Թուրքիա պետությանն անհրաժեշտ էր՝ եվրոպական երկրներին ի ցույց դնելու իր «ժողովրդավար» «հանդուրժող» կերպարը, քանի որ այն ժամանակ նրա Եվրամիության անդամ լինելու հարցն էր դրված: Հիմա Թուրքիո համար այդ գնացքը գնացել է…
Այն, որ աշխարհի մակարդակով Հայաստանի և հայկական հզոր ժառանգության սեփականացման լրջագույն գործընթաց, նոր փուլ է սկսվել, գլոբալ առումով զգալի ու տեսանելի է:
Եվ բնավ պատահական չէ, որ Լոնդոնում 2019 թվականին արդեն 8-րդ անգամ հրատարակված ,,Աշխարհի արվեստի պատմության,, ստվարածավալ գրքում անտիկ քարտեզին պատմական Հայաստանի տարածքի վրա / այսինքն, Հայաստանի փոխարեն/ մեծ տառերով կարդում ենք «Ազրբեյջան», մակագրությունը: Ապա՝ նույնը տեսնում ենք Բրիտանական թանգարանի՝ Հին Աշխարհի քարտեզների վրա: Կամ՝ Հայաստանի անունը բացակա է, կամ էլ՝ Անատոլիա է գրված, ասենք՝ Տիգրան Մեծի ժամանակների Ծովից Ծով Հայաստանի տեղում: Ակնհայտ է, որ Ազրբեյջանն էլ այլևս ագրեսիվ կերպով խցկվում է՝ ամեն միջոց գործադրելով…
Արդեն իսկ այս փաստերը հրապարակման նյութ դարձրել ենք՝ հրավիրելով ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, դեսպանների ուշադրությունը:
Ֆեյսբուքյան արձագանքներից զատ՝ ոչ մի արձագանք չեղավ, քանի որ մերոնք արտաքին թշնամիների մարտահրավերները թողած ներքին թշնամու որոնումների, ազգը սևերի ու սպիտակների բաժանելուն են լծված:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: