Բրիտանական խորհրդարանի խոսնակը վրդովված է պատգամավորների աշխատանքը դադարեցնելու որոշումից
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովված է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշումից։
«Պարզից էլ պարզ է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու նպատակն է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ քննարկելու Brexit-ը եւ կատարելու իր պարտքը՝ որոշելով երկրի ուղեգիծը: Խորհրդարանը փակելը կդառնա ժողովրդավարական գործընթացի եւ խորհրդարանականների՝ որպես ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների իրավունքների անարգում»,-ասված է Բերքոուի հայտարարության մեջ: Վարչապետի որոշման վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը: «Դա կոպիտ սահմանադրական խախտում է՝ խորհրդարանին հնարավորություն չտալ կառավարությանը վերահսկել ազգային ճգնաժամի ժամանակ: Խորապես ոչ դեմոկրատական է»,- գրել է Համոնդը Twitter-ում:
Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հանդես է եկեք կանխատեսմամբ, թե ինչ պետք է սպասել մոտ ժամանակներս:
«Կառավարության այսօրվա հայտարարությունն ամենայն հավանակությամբ կբերի (վարչապետի) վստահության շուրջ քվեարկության, մեծացնում Է համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը եւ Brexit-ի կողմնակիցներին ներկայացվում Է որպես դրական իրադարձություն»,-Ֆարաջը գրել է Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: