Բաժիններ՝

Ջոնսոնը բրիտանական խորհրդարանի աշխատանքը կասեցրեց մինչև հոկտեմբերի 14-ը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում է մինչեւ հոկտեմբերի 14-ը։ «Մենք պետք է շարունակենք իրականացնել ներքին օրակարգը, հենց դրա համար էլ մենք հայտարարում ենք, որ թագուհու գահաճառը կկայանա հոկտեմբերի 14-ին»,- օգոստոսի 28-ին ասել է նա Sky News հեռուստաալիքի եթերում:

Ընդսմին Ջոնսոնը հերքել է այն հայտարարությունը, թե խորհրդարանի նիստերի հետաձգումը կոչված է խանգարել Համայնքների պալատի պատգամավորներին՝ արգելափակելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը: Նա պարզաբանել է, որ վերը նշված ներքին օրակարգի մասին ինքը խոսել է հուլիսի վերջին պաշտոնն ստանձնելու ժամանակ:

Այսպիսով՝ խորհրդարանականներն ամառային արձակուրդներից կվերադառնան, ինչպես եւ պլանավորված էր, սեպտեմբերի 3-ին, որպեսզի վերսկսեն խորհրդարանի նստաշրջանը, որը մեկնարկել էր տակավին նախորդ վարչապետ Թերեզա Մեյի օրոք: Դրանից հետո սեպտեմբերի 9-ին նստաշրջանը կկասեցվի եւ կվերսկսվի հոկտեմբերի 14-ին: Ինչպես գրել է Ջոնսոնը Համայնքների պալատի պատգամավորներին հղած նամակում, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ զրույցի ընթացքում ինքը խնդրել է նրան՝ հավանություն տալ խորհրդարանական ընթացիկ նստաշրջանը սեպտեմբերին երկրորդ շաբաթում ավարտելուն: Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ խորհրդարանականները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնել օրենսդրական օրակարգի վերաբերյալ, որը կառաջարկի կառավարությունը:

Համայնքների պալատը կկարողանա քննարկել կառավարության ծրագիրը, այդ թվում՝ նրա մոտեցումը Brexit-ի իրագործմանը ԵՄ-ի՝ հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովի նախաշեմին, իսկ այնուհետեւ քվեարկել հոկտեմբերի 21-ին եւ 22-ին: «Եթե ինձ հաջողվի ԵՄ-ի հետ համաձայնության գալ գործարքի շուրջ, խորհրդարանը հնարրավորություն կստանա մինչեւ հոկտեմբերի 31-ն ընդունել օրինագիծ, որն անհրաժեշտ է գործարքի վավերացման համար»,- նշել է Բրիտանիայի վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս