Որքա՞ն են թանկանալու ավտոմեքենաները. Ավտոներկրողները սպասում են կառավարության հայտարարությանը
«ԱՄՆ-ից ու Ճապոնիայից Հայաստան մեքենա ներկրողներների համար ոչ թե աճուրդները փակ են, ու նրանց մեքենա չեն վաճառում, այլ 100 տոկոս կանխավճար են պահանջում:
«Դա նրա համար է, որ, եթե մեքենան մինչև 2020 թվականի հունվարի 1-ը չհասնի Հայաստան, սեփականատերերը հանկարծ չհրաժարվեն դրանցից»,- 168.am-ի հետ զրույցում ասացին ավտոներկրողները:
Նրանց փոխանցմամբ՝ Փոթիում արդեն կուտակումներ կան:
«Մեքենա կա, որ տեղ է հասել հուլիսի 20-ին, բայց մինչև հիմա տերը չի կարողանում ստանալ: Ակնկալում ենք, որ Կառավարությունը հայտարարությամբ հանդես գա, որովհետև դեռ մինչև հիմա ոչ մի բան պարզ չէ: Մեքենաներն ինչքա՞ն են թանկանալու, ո՞ր թվի մեքենաներն են թանկանալու: Եթե քաղաքացին ոչ իր մեղքով չհասցնի մեքենան ներմուծել, ի՞նչ է լինելու այդ մեքենայի վերջը, որովհետև մաքսազերծման արդյունքում մեքենաները սոսկալի թանկանալու են:
Օգոստոսն է, ու արդեն Փոթիում կուտակումներ են, բա որ հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսները եկան՝ ի՞նչ կլինի: Շատ լուրջ հարց է, այս ամիսներին մեծ կուտակումեր են լինելու, հատկապես դա վերաբերում է Ճապոնիայից եկող մեքենաներին, որոնց ղեկը պետք է փոխվի: Մոտ 9000-10.000 մեքենա է մտնելու Վրաստան, վրացիները չեն հասցնելու ղեկը փոխել, ես չգիտեմ, թե ի՞նչ է լինելու այդ մեքենաների ճակատագիրը: Սա լուրջ հարց է, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի սրան: Լուծումներից մեկն այն կարող է լինել, որ այս պահից սկսած՝ մտածեն ու թույլ տան, որ ճապոնական մեքենաների ղեկը Հայաստանում բերեն ու փոխեն»,- նշեցին նրանք:
Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, որ ՝ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով վաճառեն, ավտոներկրողները պատասխանեցին.
«Մեքենա պահեստավորելը կապված է ֆինանսական խնդիրների հետ, որովհետև մարդիկ գումար են ծախսել, մեքենան բերել են, այն պետք է շուտ վաճառվի: Կարող է պահեստավորել այն մարդը, ով ֆինանսական մեծ հնարավորություններ ունի: Չենք կարծում, որ այս գործով զբաղվող մարդիկ մեծ ֆինանսական հնարավորությունների են տիրապետում»:
Ինչ վերաբերում է առիթից օգտվելուն ու վերջին շրջանում մեքենաների գները զգալի բարձրացնելուն, նրանք չհերքեցին այս տեղեկությունը՝ հայտնելով, որ 5-6 տոկոս թանկացում կա:
Անի Կարապետյան