Բաժիններ՝

Վենետիկի կինոփառատոնը կբացվի ճապոնացի Հիրոկաձու Կորեեդայի «եվրոպական» ֆիլմի պրեմիերայով

Ճապոնացի հանրաճանաչ ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդան Վենետիկի 76-րդ կինոփառատոնի բացմանը կներկայացնի իր առաջին «եվրոպական» աշխատանքը՝ «Ճշմարտություն» ֆիլմը: Կինոնկարը, որը ճապոնացու համար դարձել է նրա հայրենիքի սահմաններից դուրս նկարահանված առաջին ֆիլմը, օգոստոսի 28-ի երեկոյան կցուցադրվի մրցութային ծրագրի շրջանակում, որում տեղ է գտել է 21 ժապավեն: Այդ մասին հայտնել է աշխարհի ամենահին կիոնոստուգատեսի մամուլի ծառայությունը:

Ինչպես սպասվում է, կարմիր ուղեգորգով կանցնեն ֆրանսիացի հայտնի դերասանուհիներ Կատրին Դենյովը եւ Ժուլիետ Բինոշը, որոնք ֆիլմում մարմնավորել են մորը (նախկին կինոդիվային) եւ դստերը, որոնք բարդ հարաբերությունների մեջ են: Այս տարի Վենետիկում առաջին մեծության աստղերի պակաս չի լինի:

Այսպես, Վենետիկի ծովալճակի Լիդո կղզում, որտեղ ավանդաբար անցկացվում են ցուցադրությունները, սպասում են Բրեդ Փիթին, որը հանդես է եկել Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆիլմի գլխավոր դերում, Սթիվեն Սոդերբերգի «Լվացքատուն» ֆիլմի աստղային կազմին՝ «Օսկար»-ի եռակի մրցանակակիր Մերիլ Սթրիփի գլխավորությամբ, Ջոնի Դեփին, որն զբաղված է կոլումբիացի ռեժիսոր Սիրո Գերայի «Սպասելով բարբարոսներին» իտալական արտադրության կինոնկարում: Փակման արարողությանը կարող է ժամանել լեգենդար Միք Ջագերը՝ The Rolling Stones խմբի վոկալիստը, որը խաղացել է իտալացի Կապոտոնդիի «Դեղնակարմիր հերետիկոսություն» ֆիլմում, որով կավարտվի ստուգատեսը:

Ամենասպասվող իրադարձություններից մեկը իտալացի Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան է, որը դարձել է աղմուկ հանած «Երիտասարդ պապի» (2016 թ.) շարունակությունը: Լիդո կղզում սպասում են (Հռոմի երկու պապերի) գլխավոր դերակատարներին՝ Ջուդ Լոուին եւ Ջոն Մալկովիչին, ինչպես նաեւ ամերիկացի դիվա Շերոն Սթոունին, որը խաղացել է սերիալում: Պատվավոր «Ոսկե առյուծը» կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած վաստակի համար հանձնելու են իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարին: Միջազգային ժյուրին՝ արգենտինացի ռեժիսոր Լուկրեցիա Մարտելի գլխավորությամբ, սեպտեմբերի 7-ին կհայտարարի հիմնական մրցանակների դափնեկիրներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս