Instagram-ը կունենա առանձին մեսինջեր
Facebook-ի գլխավորությամբ Instagram-ը շարունակում է փորձեր կատարել: Այժմ սոցիալական ցանցը փորձարկում է նոր հավելված՝ օգտատերերի միջև հաղորդագրություններ փոխանակելու համար:
Ըստ The Verge-ի, նոր մեսինջերը կոչվելու է Threads, և այն կաշխատի առանձին հավելվածով: Ծառայությունն ուղղակիորեն միացված է լինելու Instagram սոցիալական ցանցին, որպեսզի նրա օգտվողները կարողանան շփվել միմյանց հետ, կիսվել լուսանկարներով և տեսանյութերով:
Նոր մեսինջերն անսովոր գործառույթներ կունենա: Օգտագործողները կկարողանան տարածել իրենց գտնվելու վայրը քարտեզի վրա, շարժման արագությունը և մարտկոցի մակարդակը: Դա կարող է օգտակար լինել, որպեսզի մյուս անձը իմանա, որ շուտով ձեր հեռախոսի մարտկոցի լիցքավորումը պարպվելու է:
Threads մեսինջերը կաշխատի Instagram-ի «մտերիմ ընկերների» համար և կդառնա Snapchat-ի նոր այլընտրանք:
Այսպիսով, սոցիալական ցանցը փորձում է ավելացնել օգտվողների ներգրավվածությունն իր ծառայություններում: Բայց դեռ տեղեկություններ չկան, թե երբ Facebook-ը հասանելի կդարձնի հավելվածը բոլորի համար:
Instagram-ն արդեն ունեցել է մեսինջերի տարբերակ՝ Direct-ը, այն աշխատեց ավելի քան մեկ տարի: Այժմ օգտվողները կարող են հաղորդագրություններ ուղարկել անմիջապես Instagram-ում:
Սիրարփի Աղաբաբյան