Բաժիններ՝

Հարավային Ամերիկայի երկրները հանդիպում կանցկացնեն Ամազոնիայի անտառները պաշտպանելու շուրջ

Հարավային Ամերիկայի երկրների ղեկավարները հանդիպում կանցկացնեն Ամազոնիայի անտառները պաշտպանելու միջոցառումների շուրջ: Այդ մասին հայտնել են Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն եւ Պերուի նրա պաշտոնակից Մարտին Վիսկարան: «Մոտակա օրերին մենք տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարների հետ միասին հանդիպում կանցկացնենք Ամազոնիայի իրադրությունը քննարկելու համար»,- ասել է Դուկեն Պերուի Պուկալպա քաղաքում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Կոլումբիայի նախագահի վարչակազմի կայքում:

Պերուիի ղեկավարի խոսքով, նիստի գլխավոր թեման, որը տեղի կունենա Կոլումբիայի տարածքում, կդառնա Ամազոնիայի անտառների պաշտպանության միջոցների ձեռնարկման եւ այդ ոլորտում համագործակցելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Վիսկարան:

Ընդգրկուն անտառային հրդեհները ճարակել են Բրազիլիայի, Բոլիվիայի եւ Պարագվայի տարածքը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7-ը մոտավորապես 20 մլն եվրոյի չափով շտապ օգնություն կուղարկի Ամազոնիայում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար: Կանադան նույնպես խոստացել է հատկացնել 15 մլն դոլար: Երկրի նախաձեռնությունը չի մտնում ընդհանուր օգնության այն փաթեթի մեջ, որը համաձայնեցվել է «Մեծ յոթնյակի» հանդիպմանը:

Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են արդեն շաբաթներ, դրանց մակերեսը 82 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն է 2013 թվականից ի վեր:

Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչեւ օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում: Ընդ որում Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս