Էրդողանը ցանկանում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով գտնվում է Մոսկվայում։ Ժուկովսկու օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Էրդողանը և Պուտինը մասնակցել են Մոսկվայում կազմակերպված «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառի բացման արարողությանը։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հիշեցրել, որ Թուրքիայում էլ այս տարի անցկացվել է 14-րդ «IDEF» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։
Էրդողանը նշել է, որ 2018թ․ Թուրքիան շուրջ 2․5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմարդյունաբերական արտադրանք է արտահանել։ Նրա խոսքով՝ ավիացիոն արդյունաբերության ոլորտում երկիրը մեծ քայլերով առաջ է ընթանում, իսկ թուրքական արտադրության T-129 ռազմական ուղղաթիռը հետաքրքրել է մի շարք երկրների։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հետզհետե մեծանում է։ Այս տարի ակնկալվում է, որ Թուրքիան նախընտրող ռուս զբոսաշրջիկների թիվը կհասնի 6 միլիոնի։ Երկկողմ առևտրաշրջանառությունը այս պահին կազմում է 25 մլրդ դոլար։ Այս ոլորտում, ըստ Էրդողանի, նպատակը 100 մլրդ դոլարի մակարդակին հասնելն է։
Էրդողանն նաև անդրադարձել է սեպտեմբերի 17-ից 22-ն անցկացվելիք ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական «Teknofest Festivali»-ին՝ Պուտինին հրավիրելով մասնակցել այդ միջոցառմանը։