ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ., իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 եւ 1.5 հա մակերեսով հողակտորներ:
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին` ընդhանուր 2913 քմ մակերեսով հողակտորի փաստացի սեփականատեր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկինում հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան համայնքի ղեկավարի եւ աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:
Ըստ ՀՔԾ հայտարարության` քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Որոշումների օրինակներն ուղարկվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու եւ նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:
«Ժողովուրդը» թերթը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից տեղեկացավ, որ այդ հողակտորները դեռեւս Դիլիջան համայնքին չեն վերադարձվել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: