
Ճապոնիայում առնվազն երեք մարդ է զոհվել տեղատարափներից. NHK

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում առնվազն երեք մարդ է զոհվել հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք այդ տարածաշրջանում տեղացել են լույս օգոստոսի 28-ի գիշերը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Նրանցից երկուսը Սագայի պրեֆեկտուրայի բնակիչներ են, եւս մեկն ապրում էր Ֆուկուոկայում: Նրանք բոլորն էլ զոհվել են այն բանից հետո, որ ջրահոսքերը նրանց ավտոմեքենաները քշել-տարել են գետը, երբ նրանք ղեկին էին: Ներկայում Նագասակի, Սագա եւ Ֆուկուոկա պրեֆեկտուրաների առնվազն 730 հազար բնակչներ իրենց տները լքելու եւ տարհանման կենտրոններ տեղափոխվելու հանձարարական են ստացել սողանքների եւ գետերի վարարման սպառնալիքի պատճառով:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ օրվա ընթացքում Ճապոնիայի հարավ-արեւմուտքում կգրանցվեն ավելի քան 500 մմ տեղումներ: Ներկայում առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սագայում, որտեղ մի քանի քաղաքների փողոցները ջրածածկ են եղել: Սաստիկ անձրեւները նաեւ խախտել են տրանսպորտային հաղորդակցությունը. Նագասակիում, Սագայում եւ Ֆուկուոկայում չեղարկվել է գնացքների երթեւեկությունը մի քանի ուղղությամբ, փակվել են արագընթաց մայրուղիների տեղամասեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: