Sinogene-ը Չինաստանում ձեռնամուխ է լինում կլոնավորված կատուների զանգվածային վաճառքին
Sinogene չինական ընկերությունն առաջիկայում ձեռնամուխ կլինի կլոնավորված կատուների զանգվածային վաճառքին: Այս մասին հայտնել է ZOL գիտատեխնիկական լրատվական պորտալը:
Նրա տվյալներով՝ այս որոշումը Sinogene-ի ղեկավարությունն ընդունել է այդ կենդանու առաջին գենետիկական պատճենը հաջողությամբ վերարտադրելուց հետո: Հետագայում ընկերությունը պլանավորում է կլոնավորել ձիերի եւ փոստային աղավնիների: Փիսիկը լույս աշխարհ է եկել հուլիսի երկրորդ կեսին, սակայն ստեղծողները նրա ծնվելու մասին հայտարարել են մեկ ամիս անց, երբ կենդանին ամրացել է եւ հաստատել իր կենսունակությունը:
«Նրա հաջող պատճենաբուծումից հետո մենք կսկսենք կլոնավորման պաշտոնական ծառայություններ տրամադրել»,- ԶԼՄ-ին պատմել է ընկերության կառավարչի տեղակալ Չժաո Ցզյանպինը: Նրա խոսքով՝ սիրելի կենդանու պատճենը կարելի կլինի վերարտադրել 250 հազար յուանով (35,4 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Չինաստանում կա ընտանի կենդանիների ավելի քան 73 մլն սեփականատեր, որոնք ունեն 91 մլն կատու եւ շուն: ՉԺՀ-ի խոշոր մեգապոլիսներում, որտեղ մի շարք գործոնների բերումով շատերը նախընտրում են երեխա ծնելու փոխարեն կենդանի ձեռք բրել, կլոնների բուծման բիզնեսը հատկապես շահութաբեր է դառնում: Կատուների եւ շների շուկան երկրում գերազանցում է տասնյակ միլիարդավոր դոլարները եւ տարեցտարի դինամիկորեն ընդլայնվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: