Թրամփը Դանիայի վարչապետին ձևակերպումը «զզվելի» է անվանել
Այս հսկայական սառցեպատ կղզին դարձել է հակասական քննարկումների եւ Թրամփի՝ Կոպենհագեն այցի հետաձգման պատճառ: Գրենլանդիան Դանիայի թագավորության ինքնավար տարածք է եւ երբ նախագահ Թրամփը ԱՄՆ-ի կողմից առաջարկեց այն գնել, Դանիայի վարչապետն այդ առաջարկն «անհեթեթ» անվանեց: Ձեւակերպումը վիրավորեց ԱՄՆ նախագահին։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Դա գեղեցիկ չէր, նա ինձ հեգնելով, հեգնում է նաեւ Միացյալ Նահանգները, բայց չէ՞ որ մենք այդքան բան ենք արել Դանիայի համար: Ես Դանիայում բազմաթիվ ընկերներ ունեմ, բազմաթիվ դանիացիներ ԱՄՆ-ում են բնակվում, եւ մենք միշտ երկրներին հարգանքով ենք վերաբերվել: Նա չպետք է օգտագործեր «անհեթեթություն» բառը, դա ճիշտ բառ չէր»:
Թվիթթերում Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հետաձգում է իր նախատեսված այցը Դանիա, իսկ ավելի վաղ կատակում էր՝ խոստանալով չկառուցել Թրամփ աշտարակ Գրենլանդիայում:
Դանիայի վարչապետը ափսոսանք է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ.
«Արկտիկ շրջանի զարգացման համար անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի, Գրենլանդիայի, Ֆարերյան կղզիների եւ Դանիայի միջեւ: Ուստի, ես վերահաստատում եմ համագործակցության հրավերս»:
Դանիա այցը նախատեսված էր ամիսներ առաջ եւ դրա չեղարկումը ապտակ էր Դանիայի պետության ղեկավար թագուհի Մարգրեթ Երկրորդին:
Դանիացիներին որոշումը զայրացրել է:
«Գրենլանդիան մեր սեփականությունը չէ եւ մտածել, թե կարող ես այլ երկիր գնել անհեթեթ է», – ասում է Կոպենհագենի բնակիչ Հանս Քրիստիանը:
Զայրացած են նաեւ Գրենլանդիայում:
«Նա կարծում է, թե կարող է գնել ամեն ինչ, բայց ոչ՝ մարդիկ, երկիրը, մշակույթը, գնել անհնար է», – նշում է Կուլուսուկի բնակիչ Տինա Յորգենսենը:
ԱՄՆ-ի նախկին վարչակազմները նույնպես քննարկել են Գրենլանդիան գնելու հեռանկարը: 1951 թվականին Դանիայի հետ կնքված համաձայնագիրը Միացյալ Նահանգներին է փոխանցել Թյուլի ռազմաօդային բազայի վերահսկման իրավունքները։