ԱԺ աշխատակազմը սահմանափակել է տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքը
«Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությանն են դիմել ՀՀ ԱԺ աշխատակազմից 2019 թվականի օգոստոսին հաստիքների կրճատման հետևանքով զբաղեցրած պաշտոններից ազատված մի շարք պետական ծառայողներ և պետական ծառայության հաստիքներում պայմանագրային հիմունքներով աշխատող անձինք: Դիմողները խնդրել են, որպեսզի «Բաբայան Քոնսալթինգ»-ն աջակցի իրենց՝ ԱԺ աշխատակազմից իրենց իրավունքներին առնչվող մի շարք իրավական ակտեր ստանալու հարցում, որոնց տրամադրումը մինչ այդ մերժվել էր:
Իրավական ակտերը (տեղեկություն) ստանալու պահանջով «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը 4 առանձին հարցումներով (օգոստոսի 17-ին` մեկ գրավոր հարցում, օգոստոսի 19-ին՝ երկու գրավոր հարցում և օգոստոսի 20-ին՝ մեկ գրավոր հարցում) դիմել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին:
Գրավոր հարցումներով, մասնավորապես պահանջվել է․
1. ՀՀ ԱԺ աշխատակազմի անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունների պատճենները, որոնք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն աշխատակազմը պարտավոր էր հրապարակել ԱԺ կայքում, սակայն չի հրապարակել:
ՀՀ ԱԺ աշխատակազմը կոպտորեն խախտելով Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները, ոտնահարելով մի շարք անձանց իրավունքներն ու օրինական շահերը, մինչ օրս չի տրամադրել պահանջվող տեղեկությունները:
Ստորև ներկայացված հարցումների համար ԱԺ աշխատակազմը դեռ ունի պատասխանելու ժամանակ: Հույս ենք հայտնում, որ Աշխատակազմը չի շարունակի Սահմանադրության և օրենքների խախտման պրակտիկան և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կտրամադրի պահանջված (փնտրվող) տեղեկությունները:
2. ՀՀ ԱԺ նախագահի կողմից 15.01.2019թ-ից մինչ օրս ընդունած բոլոր որոշումների և կարգադրությունների պատճենները, որոնք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն աշխատակազմը պարտավոր էր հրապարակել ԱԺ կայքում, սակայն չի հրապարակել:
3. ՀՀ ԱԺ աշխատակազմում զանգվածային ազատումների հետևանքով ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի)կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ներկայացնելու գրության պատճենը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջ):
4. ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի՝ «Մի շարք պետական ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» Կ-224-Ա և Կ-225-Ա կարգադրությունների պատճենները, ինչպես նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2019 թվականի օգոստոսի 9-ի՝ «Մի շարք պետական ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» Հ-870-Ա հրամանի պատճենը:
Ըստ դիմողների ներկայացրած տեղեկությունների և որոշ փաստաթղթերի՝ «Բաբայան Քոնսալթինգ» ընկերությունում առկա են հիմնավոր կասկածներ, որ 4-րդ կետում թվարկված երեք տարբեր իրավական ակտերով նույն օրը պաշտոնից ազատվել է նույն անձը: