«Այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է «նահանջ երգով»օպերացիան: Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ՝ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի:

Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկ տեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ:

Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի և երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջև, Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին:
Չեմ քննարկում, արդյոք ճի՞շտ է այդ որոշումը, թե՞ սխալ: Իրենք են իշխանություն և պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած որոշման համար:

Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունն իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաև քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն և սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն:

Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասաելու է «նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին» : Մոտիկ ու անձնական խնդիրներն իրեն ավելի մտահոգեցին, քան հեռահար ու պետականները:

Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետևանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տույժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար երկրի շահերը պաշտպանելու համար:

Խոսքս ավելի լուրջ և համակարգային հետևանքների մասին՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ և այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլևս փողեր չի բերելու:

Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետևյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу».

Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով”…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 24. August 2019

Տեսանյութեր

Լրահոս