Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։
Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրաինական բազմաոլորտ համագործակցությանը: Այս կապակցությամբ կարևորում եմ նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։
Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազմակերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հարցում։
Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Զելենսկի, հաջողություններ բոլոր
նախձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝
խաղաղություն և բարօրություն»: