
Ոստիկանությունում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը

ՀՀ ոստիկանությունում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների աշխատանքային խմբի նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստը կայացել է Համակարգող խորհրդի հիմնական միջոցառումների պլանի համաձայն:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արման Սարգսյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ոլորոտում, իրականացվող ռազմավարությունը և նոր մեխանիզմների մշակումն ու կիրառումը: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգով հաստատված բոլոր հարցերը: Հաստատվել է այս տարվա սեպտեմբերի 23-ից 27-ը Հայաստանում կայանալիք «Կանալ-կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային օպերացիայի անցկացման պլանը:
Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների կողմից կազմվել է արձանագրություն: