Գործարարը չի ընդունում ՊԵԿ-ից իրեն հասցեագրվող փաստարկները. Նա այսօր Կառավարության առջև էր
Գերմանիայի քաղաքացի, բիզնեսմեն Արթուր Խառատյանն այսօր հերթական բողոքի ակցիան էր իրականացնում, այս անգամ՝ Կառավարության դիմաց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա. Խառատյանը շուրջ 1 տարի է՝ զբաղվում է բեռնափոխադրումներով, սակայն հուլիսի 24-ին բախվել է խնդրի, որի լուծումը մինչ օրս չի կարողանում ստանալ:
Նա իր «Դոյչե փոստ» բեռնափոխադրումների ընկերության միջոցով իրականացնում է Գերմանիայում բնակվող հայերի՝ իրենց հարազատներին ուղարկվող ծանրոցների տեղափոխումը Հայաստան, բայց նրան պատկանող բեռնատարները հուլիսի 24-ից գտնվում են Բագրատաշենի մաքսակետում, և մինչ այժմ ՊԵԿ-ը դրանք բաց չի թողնում: Խնդրի մասին նա դիմումով տեղեկացրել է նաև ՊԵԿ-ին:
Բիզնեսմենի խոսքով՝ դա արվում է միտումնավոր: Ըստ նրա՝ խնդիրն այն դիմումի ձևակերպումների մեջ է, որն իրեն թելադրել են մաքսատանը:
Ա. Խառատյանի խնդրի բարձրաձայնման հաջորդեց ՊԵԿ-ի պարզաբանումը, որում մասնավորապես նշվում էր. «Արթուր Խառատյանը 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» ՍՊԸ-ի անունով ՀՀ ներմուծված ապրանքները։ Ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ Արթուր Խառատյանը մաքսային վճարներից խուսափելու նպատակով, նախապես համաձայնության գալով «Օնէքս» ընկերության ներկայացուցիչների հետ, օգտագործելով ընկերության փոստային և սուրհանդակային ծառայություններ մատուցելու հանգամանքը, տարբեր ֆիզիկական անձանց փաստացի պատկանող բեռների ներկրումը ձևակերպել է «Օնէքս» ընկերության անվամբ։ ՊԵԿ քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա մաքսային վճարներից խուսափելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է»։
Գործարարը, սակայն, չի ընդունում իրեն հասցեագրվող փաստական տվյալները. «Չկա նման բան: Ես նույն ճանապարհով նույն բեռները տարբեր հաճախականություններով բերել բաժանել եմ»:
Ակցիային մասնակցում էին նաև բեռնափոխադրողի ծառայություններից օգտվողները, ովքեր սպասում են իրենց բեռներին, որոնք դեռևս մաքսատանն են:
Մասնակիցներից մեկը նկատեց. «Իրենց դեմ արհեստական հավաքներ են ստեղծում»:
Արթուր Խառատյանը մոտեցավ Կառավարության շենքից դուրս եկող Արդարադատության նախարարար Ռուստամ Բադասյանին՝ արդարադատության ակնկալիքով: Նախարարը, սակայն, նշեց, որ ինքն իրավասու չէ միջամտել գործին: Լսեց խնդիրը և նշեց, որ կխնդրի՝ ՊԵԿ-ից քաղաքացու հետ կապ հաստատեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան