Ատոմ Ջանջուղազյանը՝ պետական պարտքի և ԱԺ գորգերի լվացման համար կատարված ծախսերի մասին
Պետական պարտքի ռիսկերը կառավարելի են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Մենք չունենք չկանխատեսված, կամ անսպասելի բացասական փոփոխություն»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ պետական պարտքի մասին դատողություն պետք է անել տարեկան արդյունքներով: Ա. Ջանջուղազյանը նշեց, որ պարտքն անվանական արտահայտությամբ կաճի, բայց պարտք/ՀՆԱ աճ չի կանխատեսվում, հակառակը՝ ժամանակի ընթացքում այդ մեծությունը փոքրացվելու է և տեղավորվելու 50%-ից ներքև:
Եվրոպարտատոմսերի վերաթողարկումը, ըստ նախարարի, հաջողությամբ կիրականացվի և բեռի ծանրացում չի լինի:
Անդրադառնալով բյուջեի կատարողականին՝ Ա.Ջանջուղազյանը նշեց, որ ծրագրերի թերակատարումների պատճառները բազմազան են՝ մեկը վարձատրվող անձանց թերհամալրում ունի, մյուսը գնումների գործընթացին մասնակիցների բացակայությամբ, կամ գործընթացը չկայանալու հանգամանքով, մյուսը կարիքը վերանայելու և այլն. «Մեկ ընդհանուր նկարագրությամբ հնարավոր չի ներկայացնել»:
Վարդավառի տոնին ԱԺ գորգերի լվացման համար ծախսերի վերաբերյալ Ա. Ջանջուղազյանը դժվարացավ գնահատական տալ՝ նշելով, որ ծախսերը կատարվում են այն նպատակներով և ընթացակարգերով, ինչ նախատեսված է.
«Մեր նպատակը պետք է լինի այդ ծախսերն իրականացված բոլոր կանոններով: Եթե դրանք բոլոր կանոններով են իրականացված, որևէ խնդիր չկա»:
Դիտարկմանը, որ 5 մլն ծախսի նպատա՞կն է, նախարարը նշեց, որ հարցադրման ճիշտ հասցեատերը չէ, ծախսերը հաստատում է ԱԺ-ն՝ բյուջեի օրենքի ընդունման ժամանակ: