Բաժիններ՝

Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՖԱ» ընկերությանը

Կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը արգելակման կոճղակների արտադրություն է ցանկանում կազմակերպել Երևանում, ներկայումս այդ արտադրությունը իրականացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։«Ընկերությունը գտնվում է իր արտադրությունը Հայաստան տեղափոխելու գործընթացում։ Այս արտոնության շրջանակում իրականացվում է ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 300 միլիոն դրամ։ Նախատեսվում է այդ գումարը օգտագործել սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի նորոգման համար։ Առաջին փուլում կբացվեն 20 նոր աշխատատեղ, երկրորդ փուլում՝ 35, իսկ ընդհանուր՝ 55 աշխատատեղ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 միլիոն դրամ, որից 200 միլիոն դրամը կիրացվի Հայաստանում, 530 միլիոն դրամը կարտահանվի ԵԱՏՄ, իսկ մնացած 40 միլիոնը ՝ այլ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը այս պահին կազմում է 71 միլիոն 900 հազար դրամ, որից մաքսատուրքից ազատման գումարը կազմում է 6 միլիոն 200 հազար դրամ, իսկ Հայաստանի պետական բյուջեի եկամուտների նվազումը 75 հազար դրամ »,- եզրափակեց Խաչատրյանը։

«ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս