Բաժիններ՝

Աննա Հակոբյանը չմեկնաբանեց դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառումների վերաբերյալ մեր հարցերը

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար հանդես է գալիս քաղաքական երանգավորում ունեցող գրառումներով, որոնք միանշանակ չեն ընդունվում:

Վարչապետի ավագ դստեր ֆեյսբուքյան հերթական գրառումից հետո 168.am-ը վարչապետի տիկին Աննա Հակոբյանից փորձեց ճշտել, թե ինչպես է նա վերաբերվում այդ հրապարակումներին:

Մենք հետևյալ գրավոր հարցերն ուղղեցինք վարչապետի տիկնոջը.

1. Տիկին Հակոբյան, հաշվի առնելով այն, որ այսօր նորից լայն արձագանք է գտել ձեր դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառումը, ուզում ենք ճշտել՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրա՝ հատկապես քաղաքական երանգ ունեցող գրառումներին:

Կարդացեք նաև

2. Վերջին գրառումն ուղղված էր ոչ իշխանական ուժերին, որոնց Մարիամ Փաշինյանը կոչ էր արել «խորը շունչ քաշել և հանգստանալ»: Արդյո՞ք սեփական կարծիք ունենալով՝ կարելի է անհանդուրժող կերպով վերաբերվել այլոց կարծիքներին: Եվ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերում նրա՝ «խորը շունչ քաշել և հանգստանալ» ձևակերպմանը: Հարգալի՞ց է արդյոք այն:

3. Մ. Փաշինյանը՝ լինելով ՀՀ վարչապետի դուստր, արդյոք իր գրառումներն անելիս խորհրդակցո՞ւմ է Ձեր կամ Նիկոլ Փաշինյանի հետ, և ինչպիսի՞ն է նաև վերջինիս կարծիքը նման դեպքերում:

Հարցերին ի պատասխան՝ ստացանք Աննա Հակոբյանի գրասենյակի աշխատակից Արմինե Անտոնյանի նամակը, որում մասնավորապես նշվում էր, որ մեր հղած հարցերին մեկնաբանություն չի լինի:

Հիշեցնենք, որ Մ. Փաշինյանը երեկ հերթական գրառումն էր կատարել, որտեղ նա մասնավորապես նշել էր. «Ուղղակի ծիծաղելի է, ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգևորվածությունն այս իրավիճակում: Նաև բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացականչություններ, գոռգոռոցներ… Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար, ինչ ասում եք ու անում եք»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս