
Դանիայում հիփոթեքային վարկեր են տալիս մինուս 0,5 տոկոս

Դանիայի Jyske Bank-ը, որը երկրում մեծությամբ երրորդ բանկն է, հիփոթեքային վարկեր է տալիս տարեկան մինուս 0,5 տոկոս հարկադրույքով, այսինքն՝ փաստորեն լրացուցիչ վճարելու են այն փոխառուներին, ովքեր կորոշեն նոր բնակարան գնել, տեղեկացնում է BBC-ին:
Դա առաջին դեպքն է համաշխարհային պրակտիկայում, երբ հիփոթեքը տալիս են բացասական տոկոսներով. այսինքն՝ ամեն ամիս վարկի մնացորդը կնվազի այն գումարով, որը գերազանցում է ամսական վճարը: Այդպիսով, վարկը լիովին վերադարձնելու համար կարելի կլինի բանկին վճարել ավելի քիչ, քան սկզբում պարտք ես վերցրել:
Բացասական հարկադրույքն առաջարկվում է նրանց, ովքեր հիփոթեք են վերցնում մինչեւ 10 տարի ժամկետով, եւ արձանագրված է պայմանագրում. այսինքն՝ այդ ամբողջ ժամանակամիջոցում բանկն իրավունք չունի փոխելու վարկի պայմանները եւ ավելացնելու վճարները:
Nordea բանկի Դանիայի բաժանմունքը խոստացել է մոտ ժամանակներս սկսել անտոկոս հիփոթեքի (տարեկան 0 տոկոս) տրամադրումը 20 տարի ժամկետով, իսկ 30-ամյա հիփոթեքային պայմանագրերը կնքել 0,5 տոկոս հաստատագրված հարկադրույքով: