Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է
«Հենց նոր նախաքննությունն ավատվեց»։ Այս մասին hraparak.am-ի հետ զրույցում ասել է Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ավարտվե՞լ է Սանասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։
Պաշտպանը նաեւ նշել է, որ այլ հարցերի այս պահին չի կարող պատասխանել եւ խնդրել է զանգահարել ավելի ուշ։
Իսկ armtimes.com-ի հետ զրույցում՝ հարցին՝ Սանասարյանի մեղադրանքում փոփոխություններ եղե՞լ են, Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պատասխանել է, որ մեղադրանքը նույն հոդվածն է, սակայն մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել:
Ավելի վաղ, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե, իր իմանալով, այս գործի նախաքննությունն ավարտվել է, մինչդեռ պաշտպանները հերքել էին տեղեկությունը։
Հիշեցնենք` ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։