Իլոն Մասքի ավտոմեքենան առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը. Space.com
Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասքի անձնական հավաքածուից Tesla Roadster ավտոմեքենան՝ ղեկին սկաֆանդր հագած Starman մանիկենը, որը տիեզերք էր դուրս բերվել 2018 թվականի փետրվարին, առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը:
Ինչպես հայտնել է Space.com պորտալը, հաշվարկների համաձայն, մեքենան, որի ղեկի առջեւ մանեկեն է, Արեգակի շուրջը լրիվ պտույտը կատարում է 557 օրվա ընթացքում: Այն արդեն հաղթահարել է 1,2 մլրդ կիլոմետր տարածություն: Մեկնարկի ժամանակ մեքենայի սրահում հնչել է Դեւիդ Բոուիի Life on Mars երգի ձայնագրությունը: Եթե Tesla-ի ուժակուտակիչը դեռ աշխատում է, ապա այդ ձայնագրությունը կրկնվել է ավելի քան 150 հազար անգամ:
Վկայակոչելով ուղեծրի՝ անցյալ տարի անցկացված հաշվարկները՝ Space.com-ը նշել է, որ ղեկի առջեւ նստած մանեկենով ավտոմեքենան դեռ շատ պտույտներ կկատարի Արեգակի շուրջը, սակայն ի վերջո՝ մոտավորապես 1 մլն տարի անց, կմտնի կա՛մ Վեներայի, կա՛մ Երկրի մթնոլորտ եւ կդադարի գոյություն ունենալ: Շանսերը, որ նա Երկիր կվերադառնա, կազմում են 6 տոկոս, իսկ Վեներայի մթնոլորտ մտնելու հավանականությունը գնահատվում է 2,5 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: