
«Ես կարիք չունեմ երազելու, ես եմ երազանքը». Զլատան Իբրահիմովիչ

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է MLS-ում իր խաղի մասին: «Ես պետք է աշխատեմ: Երբ ես տառապում եմ (մարզումների ընթացքում), ինձ լավ եմ զգում: Դա իմ մոտեցումն է՝ քրտնաջան աշխատել: Ես միշտ ասում եմ՝ «Եկեք առավելագույնը դուրս բերենք իմ մարմնից»:
Ես չեմ եկել MLS, որովհետև ես Իբրահիմովիչն եմ: Ես եկել եմ, քանի որ ցանկանում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ է ֆուտբոլը: Ես եկել եմ, քանի որ ցանկանում եմ ԱՄՆ-ին ցույց տալ իմ խաղը:
Ինչ վերաբերում է երազանքներին, ոչ, ես երազելու կարիք չունեմ: Երբ երիտասարդ էի, ես երազում էի: Հիմա ես ինքս երազանք եմ»,- Իբրային է մեջբերում ESPN-ը:
MLS-ի մեկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղերում Զլատանը դարձել է 20 գոլի հեղինակ: Լավագույն ռմբարկուների ցուցակում նա երկրորդն է: Առաջինը «Լոս Անջելեսի» կիսապաշտպան Կառլոս Վելան է՝ 24 խաղ, 24 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը