«Ժողովուրդն ասում է՝ ոչ, նշանակում է Ամուլսարը չպիտի շահագործվի. դա «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումն է». Նաիրա Զոհրաբյան
«Առանց ժողովրդի համաձայնության Ամուլսարը չի կարող շահագործվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա ոչ միայն իր, այլև ողջ կուսակցության դիրքորոշումն է:
Հիշեցենենք, որ երեկ Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկմսն արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարել էին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին, որին հաջորդել էր Ամուլսարի պահպանության հարցով շահագրգիռ քաղաքացիների և ոստիկանության միջև քաշքշուկը: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես Բաղրամյան պողոտայում էր:
«Ես երեկ էլ ակցիայի ժամանակ հստակ նշեցի, որ տեղի է ունեցել խմբակցության նիստ, քննարկվել է հարցը և ես ներկայացրեցի մեր կուսակցության դիրքորոշումը:
Անընդհատ իշխանությունն ասում է չէ՞, որ իշխանությունը Հայաստանում այլևս ժողովրդինն է և ցանկացած հարց որոշելու է ժողովուրդը, և մենք էլ ասում ենք, որ այո՛, այսօր իշխանությունը ժողովուրդն է և ժողովուրդն ասում է՝ ոչ նշանակում է՝ Ամուլսարը չպիտի շահագործվի. դա, բնակաբանար, «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումն է»,- հավելեց նա:
Զարուհի Դիլանյան