«Ճռթոյի դուքյա՞նն է, թե՞ պարսկական բազար է Քննչական ծառայությունը»

«Էդ ո՞նց է եղել է՝ ՀՔԾ-ի նյութերը հայտնվել են BBC-ում, իհա՛րկե, եթե անվանգությունը զբաղվի ՀԴՄ-ներով, քննիչի չհրկիզվող պահարանից էլ BBC կհասնեն էդ նյութերը»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել էր` «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածը:

Լրատվամիջոցը պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, որոնցում, ըստ հրապարակման, նշվում է, թե քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ:

«Ընդհանուր քո բնույթի մեջ է՝ մինչև չպարզված հանգամանքները, մի հատ մարդուն վարկաբեկենք, մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնենք, որ սա հանցագործ է, դեռ ոչ մի բան չեղած, հետո արդեն վրան գործը կարենք, հա՞»,- հավելեց Գ. Եղիազարյանը:

Աղմկահարույց հրապարակմանն անդրադարձավ նաև ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը, ով զարմացավ, թե ինչպես կարող է «7 փակի տակ գտնվող ցուցմունքը հայտնվել BBC-ի ձեռքում».

«Էս ի՞նչ է՝ ճռթոյի դուքյա՞նն է, թե՞ պարսկական բազար է Քննչական ծառայությունը. ի՞նչ է՝ հատուկ ծառայությունները և ուժայինները ճոճվող կամրջի վրա պարելու համա՞ր են, թե՞ այս պետության գաղտնիքներն ու հեղինակությունը պահպանելու համար են»:

Ազատամարտիկը համոզված է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը կլցնի ազատամարտիկների համբերության բաժակը. «Նիկոլ Փաշինյանը նպատակադրված հատ առ հատ իրականացնում է պաշտպանության բոլոր ռեսուրսների ոչնչացման ծրագիրը. ոչնչացրեցին ՀՀ ԵԿՄ-ն, Մանվելին, ոչնչացրեցին, ոչնչացրեցին մեր սպաների բարձր հեղինակությունը:

Ես նորից եմ ասում՝ դու ստախոս ես, Նիկոլ Փաշինյան, ապացուցիր, որ գեներալներից մեկը ՀՀ բանակից ինչ-որ բան է գողացել»:

Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանին ուզում են ոչնչացնել, որովհետև նա Արցախում ազատամարտիկների միության նախագահն է, ունի հսկայական ռեսուրսներ և ազդեցություն:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս