ԱԱԾ-ն՝ BBC-ի հրապարակման մասին

Երեկ BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակեց «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածը։

Լրատվամիջոցը պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, որոնցում, ըստ հրապարակման, նշվում է, թե քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ, և, որ գործում որպես առանցքային դերակատարներ՝ հանդես են գալիս նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ օրերին մեծ ազդեցություն ունեցող երկու պատգամավոր-գործարարներ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանը:

Այսօր Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն Հատուկ քննչական ծառայությունից չի տրամադրվել:

Թեմային լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` նշելով, որ քննչական մարմինների գործառույթն է՝ պարզել, թե ինչպես են մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ:

168.am-ը մեկնաբանություն խնդրեց նաև Ազգային անվտանգության ծառայությունից, թե արդյո՞ք ունեն որևէ արձագանք BBC-ի ռուսական ծառայության հրապարակման առնչությամբ, ծառայությունից մեզ պատասխանեցին՝ «Չունենք արձագանք»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս