«Հայրը լինելով ՊՆ փոխնախարար՝ ինքը հինգ տարի ծառայել է առաջնագծում». ազատամարտիկը՝ Գրիգորի Խաչատուրովի մասին
Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Զինված ուժերը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում լուրջ հաջողություններ են գրանցել. Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումները, գերազանցելով հակառակորդին՝ կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել: Լուրը հաստատել էր նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Գնդապետ Խաչատուրովի հայրը լինելով ՊՆ փոխնախարար՝ ինքը հինգ տարի ծառայել է առաջնագծում՝ լեյտենանտից հասնելով մինչև գումարտակի հրամանատար»,- թեմային անդրադառնալով՝ նշեց ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Դիրքերի ամրապնդման մասով, սակայն, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը մտահոգություն հայտնեց ՝ նշելով, որ Նախիջևանի ուղղությամբ առկա է այլ պատկեր.
«Թուրքերն առաջ են եկել Նախիջևանի ուղղությամբ. ազերիները հասել են էն կետին, որտեղից կարող են մեկ գնդակով խոցել Ելփինի բնակչի տանիքը: Այ, երբ խոսում են նրա մասին, որ մենք ամրապնդել ենք մեր սահմանները, թող մտածեն նրա մասին, որ թուրքը հասել է էնտեղ, որտեղից ուղիղ կփակի դեպքի Զանգեզուր մեր ճանապարհը»:
Վ. Հովհաննիսյանը չհերքելով Նոյեմբերյանում գրանցած ստրատեգիական գերիշխանությունը՝ համաձայնեց Գ. Եղիազարյանի հետ՝ արձանագրելով, որ Նախիջևանի հատվածում խնդիրներ կան:
Զարուհի Դիլանյան