Բաժիններ՝

Երկրաբանն անհրաժեշտ է համարում Ամուլսարի հանքի շահագործումը` խիստ հետևելով բնապահպանական հարցերին

Երկրաբանական գիտությունների թեկնածու Արկադի Մուխսի-Հովեյանը կարծում է, որ պետք է հաշվի առնել Ամուլսարի շահագործման հարցով միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը և թույլատրել հանքի շահագործումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում երկրաբանը նշեց, որ լեռնային արդյունաբերությունը Հայաստանում պետք է զարգանա՝ շատ խիստ հետևելով բնապահպանական հարցերին:

«Հնարավոր է, որ հանքի շահագործումն ինչ-որ չափով բնապահպանական ռիսկեր պարունակում է, բայց չէ որ նախագծով այդ ամենը հաշվի առվել է: Եթե փորձագետները համարում են, որ թույլատրելի է հանքի շահագործումը, պետք է հաշվի առնել նրանց եզրակացությունը: Տաք գլխով, զգացմունքներով այս հարցը պետք չէ լուծել: Ինչ-որ մեկը մեքենայով ճանապարհը փակի և պնդի, որ շահագործումը վնաս է, ես չեմ հավատա նրան, որովհետև նա չի հիմնավորում , թե ինչու է վնաս դա: Եթե միջազգային փորձագետը ասում է, որ կարելի է շահագործել, ուրեմն կարելի է: Հանքարդյունաբերությունը կարևոր ոլորտներից մեկն է աշխարհում: Առանց արդյունաբերության շատ դժվար կլինի երկիրը զարգացնել: Բացի այդ, ինչպես կարող ենք չհամաձայնել միջազգային փորձագետների հետ»-, եզրափակեց Մուխսի-Հովեյանը:

ՀՀ նախագահական նստավայրում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումն Ամուլսարի շահագործման հարցով: Հանդիպումը փակ է, բայց տեղեկություններ կան, որ մասնակցում են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս