«Պարտադի՞ր է` ամեն ինչում Սերժին կրկնես». քաղաքական ու հասարակական գործիչները՝ վարչապետի արցախյան հանրահավաքի մասին

Արցախում եղավ հերթական մեծ շոուն: Անդրադառնալով վարչապետի արցախյան հանրահավաքին ու հայտարարություններին՝ լրագրողների հետ հանդիպմանը նման  կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Աշխարհում շոուների լավագույն մասնագետն է. ամենի ինչից շոու կարող է սարքել՝ նույնիսկ երեխայի ծնունդից: Անկապ շոուները թող ու գործով զբաղվի. տարի ու կես է՝ իշխանության ես, ցավոք սրտի, ոչ մի տեղ չունես պարծենալու»,- ասաց նա:

Ըստ բանախոսի՝ իր հայտարարություններում վարչապետ Փաշինյանը կրկնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. «Պարտադի՞ր է` ամեն ինչում Սերժին կրկնես, նա ասում է՝ 40 թվականին մենք կլինենք 4 միլիոն, տասը տարի ավելացնում ես, սարքում ես 5 միլիոն…: Մտածիր՝ ի՞նչ անես էդ քո բանակում չծառայածների հետ:  Երկիրդ ծանրագույն վիճակում է, Արցախի հերը անիծեցիր, էսօր ընկել ես բանակում մարտի դաշտում ուսադիրներ աշխատած գեներալների հետևից: Մի հատ կանգնեցրու պրոցեսը. դիմացը թշնամին է կանգնած, էդ տղաները մեկ-մեկ պետք են պատերազմի դաշտում: Ողջ շոուի առաջին ու վերջին նպատակը, որ հանկարծ Քոչարյանը դուրս չգա, նպատակը երկիր սարքելը չէ»:

Պահեստազորի գնդապետ,ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի տեղեկություններով՝ Արցախի հանրահավաքում 8-10 հազար մարդուց 5000-ը համահայկական խաղերի մասնակիցներ են եղել, 2000-ը՝ ՀՀ պաշտոնյաներ ու պաշտոնյաների ազգականներ, որոնց հրահանգվել է մասնակցել.

Կարդացեք նաև

«Արցախից, համաձայն քաղաքական մի շարք գործիչների կարծիքի, մասնակցել է մոտ 1000 մարդ. այնտեղ եղել է նաև մոտ 500 հոգի հատուկ ծառայությունների, ոստիկանության ուժերից, այսիքնն՝ մենք տեսնում ենք, որ 8-10 հազար մարդու պարագայում Նիկոլ Փաշինյանը հավաքել է ոչ ավել, քան 300 մարդ»:

Ազատամարտիկը նկատեց, որ արցախցիներին տհաճ էր Բակո Սահակյանի դեմ սուլոցների կազմակերպումը. «Արցախցիները Բակո Սահակյանին բարձր են գնահատում և կարծում են, որ Բ. Սահակյանը ամեն ինչ արել է երկիրը պահելու համար, անգամ կուլ է գնացել Նիկոլ Փաշինյանին սուբյեկտիվ պահանջներին, որպեսզի Արցախը ցնցումներից հետ պահի:

Անգամ Արցախում խոսում էին, որ Ն. Փաշինյանն այնքան լկտիության է ունեցել, որ սպառնացել է 50 միլիարդը կտրել Արցախի օգնությունից, այն դեպքում, որ այդ 50 միլիարդ դրամը, որ մենք տալիս ենք Արցախին, երեք անգամ Արցախից օգտվում ենք. այնպես որ, Արցախին ոչ թե օգնում ենք, այլ Արցախից 150 միլիարդ  վերցնելով՝ տալիս ենք 50 միլիարդ և դեռ սպառնում ենք, որ դա կկտրենք:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ հենց այդ սուլողները՝ Սամվել Բաբայանի աներձագը և Մարտունու մի շատ ցածր հեղինակությամբ մարդ, որն Արցախում մերժվում է, հանկարծ այնտեղ սուլեցին, որ Վանեցյանից 3.5 մետր հեռու էին, և Վանեցյանը մեկ քայլ անելով՝ «փրկեց» Բակո Սահակյանի հեղինակությունը: Մի՞թե դա ծրագրավորված չէր: Մի՞թե դա չէր արվում, որ ցույց տան, թե Բակո Սահակյանը հեղինակություն չունի, և իրենք պետք է երաշխավոր կանգնեն Արցախի լեգիտիմ ընտրություններին»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս