Բաժիններ՝

Զբոսաշրջության աճին վերաբերող տվյալները՝ ըստ վարչապետի և վիճակագրական կոմիտեի. դրանք տարբեր են. Fip.am

Fip.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին՝ նշելով, որ նրանց «թիվը տպավորիչ աճ է արձանագրել»: Մասնավորապես՝ վարչապետի գրառման մեջ նշվում էին հետևյալ թվերը.

Նիկոլ Փաշինյանը նշել էր նաև, որ «ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ»:

Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, Զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրառում կար այն մասին, որ նախորդ տարվա համեմատ 2019թ. հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջային այցելությունները կազմել են 770000` ապահովելով 12.8% աճ:

Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանն իր մեկնաբանության մեջ նշել էր, որ աճ ապահոված հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 20% աճ), Վրաստանը (1․2% աճ), Իրանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը։

Հայաստանում ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև 2013թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի համագործակցությամբ իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-հունիսին» վերտառությամբ հրապարակման միջազգային զբոսաշրջություն բաժնում արդեն վերանայված են 2019-ի հունվար-հունիս ամիսներին ժամանող զբոսաշրջիկների թիվը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությունը, այն է՝ 12.3% աճ լայնորեն ներկայացվող 12.8%-ի փոխարեն։ Գրեթե նույնքան՝ 12.1% աճ է արձանագրվել նաև մեկնող զբոսաշրջիկների թվի մեջ։

Վերոնշյալ հրապարակման «Սահմանահատում կատարած անձանց նույնականացված տվյալների բաշխումն ըստ քաղաքացիության երկրի, մուտքի, ելքի և սահմանահատումների քանակի» վերտառությամբ կետով վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ 2019-ի հունվար-հունիսին դեպի Հայաստան մուտքերը կազմել են 1018269 մարդ կամ 10.4%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2019-ի առաջին կիսամյակում սահմանահատումների 27.8%-ը բաժին է ընկել Ռուսաստանի քաղաքացիներին, 6%-ը՝ Վրաստանի, 4%-ը՝ Իրանի, 2.2%-ը՝ ԱՄՆ-ի, իսկ 1.5%-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներին։

Դեպի Հայաստան մուտքերը 2019-ի առաջին կիսամյակում

Սակայն, առաջին հնգյակում գտվող ոչ բոլոր երկրների քաղաքացիների մուտքերի աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպես, Ռուսաստանից մուտքերն աճել են 20.7%-ով, Վրաստանից՝ 2.9%-ով, ԱՄՆ-ից՝ 16.3%-ով, Հնդկաստանից՝ 50.8%-ով, իսկ Իրանից մուտքերը նվազել են 25.5%-ով (այս տարի ավելի քան 15 000-ով պակասել են մուտքերը)։ Այս տարվա 6 ամիսներին մուտքերի շեշտակի աճ է գրանցվել Ղազախստանի քաղաքացիների դեպքում՝ 2.3 անգամ, Չինաստանի քաղաքացիների դեպքում՝ 58.2%, Գերմանիայի քաղաքացիների դեպքում՝ 48.7%, Նիդերլանդներ՝ 32.6% և այլն։ Մինչդեռ, բացի Իրանից, անկում է գրանցվել նաև Իրաքի (28.5% կամ 570 մուտք պակաս), Իսրայելի (4.2% կամ 94 մուտք պակաս), Ֆիլիպինների (2.7% կամ 272 մուտք պակաս), Սիրիայի (1.2% կամ 11 մուտք պակաս) քաղաքացիների մուտքերում։

Ստացվում է՝ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանի նշած երկրները ոչ թե աճ են ապահովել, այլ ուղղակի առաջին հնգյակում են (ի դեպ, Հայաստանի քաղաքացիների մուտքերը չհաշված, դրանք կազմել են 43.1%-ը)։ Ինչպես նաև, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած թվերը և սահմանահատումների թվերը տարբերվում են, ինչպես նաև՝ վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ նշված չեն այն երկրները, որոնք դեպի Հայաստան մուտքերի անկում են արձանագրել։

Երկիր Փաշինյանի գրառման թվերը Վիճակագրական կոմիտեի թվերը

Լիլիթ Աբովյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս