Օգոստոսի 25-ին Գյումրին կնշի Քաղաքի օրը
Գյումրիին նվիրված «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ից սկսած բացօթյա միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Օրվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ «Շիրազի» փողոցի բացումն է: Այս մասին լրագրողներին ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը
«Մինչ այդ կվերացվեն փողոցի բոլոր թերություններն ու այն շատ գեղեցիկ ու հիմնանորոգված կհանձնվի բնակիչներին»,-ասաց նա։ Ավելի ուշ, նույն փողոցում, գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ 17:00-23:00 տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մայրաքաղաքից մասնակցել միջոցառմանը, Սամվել Բալասանյանը վստահեցնում է, նրանց համար լուծված է տեղափոխման խնդիրը: «Պայմանավորվել ենք «Հարավ-կովկասյան երկաթուղիներ»-ի հետ՝ այդ օրը 2 գնացք է գալու՝ 11:00-ին և մեկ ժամ անց, իսկ երեկոյան վերադարձը՝ 23:30, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան տեսնել հրավառությունը, դա կարողանան անել»,-նշեց քաղաքապետը:
Արմենուհի Մխոյան