Ստեփանակերտցիների համար 2 ֆավորիտ թեկնկածու կա. Արցախում այսօր մեկնարկեց քարոզարշավը

Արցախում սեպտեմբերի առաջին տասնօրյակը թեժ կլինի ընտրական տրամադրություններով, 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում Տեղական ինքնակառավարման մարմիններ կձևավորվեն՝ նոր ղեկավարով: Այս անգամ մասնակցությունը` ըստ արցախցիների, բավականին մեծ է՝ հավանաբար պայմանավորված նաև 2020-ին Արցախում սպասվող նախագահական ընտրությունների, ներքին խժդժությունների և արդեն իսկ դաշտում պայքարի դուրս ելած բազմաբևեռ ուժերի հետ:

Երեկ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) առաջադրումների վերջին օրն էր, արդյունքները, ըստ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի՝ հետևյալ պատկերով է ամփոփվում.

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություներին շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի թեկնածու և 2573 ավագանու անդամի թեկնածուներ:

Սակայն գաղտնիք չէ, որ նախագահական ընտրություներին ընդառաջ գործող իշխանության համար թերևս կանխատեսելի պիտի լինեն հատկապես Ստեփանակերտի ընտրությունների արդյունքները:

Այստեղ առաջադրվածները քաղաքապետ դառնալու համար 5-ն են, ընդ որում՝ նրանցից չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը, ինքնառաջադրված թեկնածուներ են, միայն Արայիկ Ավանեսյանի թեկնածությունն է առաջադրվել քաղաքական ուժի՝ «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից:

Ի դեպ, այսօր մեկարկած քաղաքական քարոզարշավի նախնական փուլում նրանցից ֆավորիտ են համարվում երկու թեկնածուները՝ զինվորական Գրիգորի Սահակյանն ու գործարար միջավայրում հայտնի Դավիթ Սարգսյանը: Նշենք, որ վերջինս երբևէ պետական կառավարման համակարգում չի եղել, սակայն բավականին մեծ կապեր, հեղինակություն և ազդեցություն ունի երիտասարդության շրջանում:

Գնդապետ Գրիգորի Սահակյանը հայտնի է իր զինվորական անցյալով: Հայկազովի բրիգադի հրամանատար Գրգորի Սահակյանն ապրիլյանի օրերին Ասկերանի ուղղությամբ իրականացված գործողությունների ժամանակ աչքի է ընկել զինվորականի փայլուն վարքագծով և արժանացել է Մարտական խաչ 1-ին աստիճանի մեդալի: Եվ ահա 27 տարի դաշտային հրամանատարությամբ զինվորական ծառայություն իրականացրած գնդապետն այսօր թողնում է ուժային կառույցը և մտնում է քաղաքական դաշտ:

Արցախցիների խոսքով՝ գնդապետի կերպարն այսօր բավականին դրական է ընկալվում թե քաղաքական, և թե զինվորականների ու հանրության շրջանում, ուստի չեն բացառում, որ զինվորականի հագուստին սովոր ստեփանակերտցին ցանկանա հենց նրան տեսնել քաղաքապետի պաշտոնին, թեև դրական են կանխատեսումները նաև Դավիթ Սարգսյանի թեկնածության շուրջ՝ թերևս հաշվի առնելով նրա գործարար ջիղը և նյութական ռեսուրսները:

Այս փուլում թեկնածուներին սատարելու մասին քաղաքական ուժերը լուռ են, միակ հայտարարությունը եղել է ՀՅԴ-ի կողմից. Ստեփանակերտի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կսատարի Գրիգորի Սահակյանի թեկնածությունը:

Ստեփանակերտի շուրջ 55 հազար բնակչության համար խիստ կարևոր է թեկնածուների խոստումների փաթեթը, քաղաքական ակունքներն ու նրանց պոտենցիալը՝ որպես գործիչ, սակայն պակաս կարևորություն չունի նաև այն, թե որ թեկնածուին նախապատվություն կտա նախագահ Բակո Սահակյանը:

Իհարկե, այս առումով հնարավոր է՝ այդ կողմնորոշիչ ազդակներն այդպես էլ չհնչեն, նախագահականի մեր աղբյուրները չեն բացառում, որ Բակո Սահակյանն առհասարակ որևէ մեկին սատարելու մասին հայտարարություն չանի:

Նշենք, որ Ստեփանակերտի ավագանու անդամ լինելու համար կպայքարեն 44 թեկնածուներ:

Հիշեցնենք՝ նախընտրական քարոզչությունը կավարտվի սեպտեմբերի 6-ին, իսկ ամսի 7-ը կլինի թեկնածուների լռության օրը:

Սյուզի Բադոյան

 

Տեսանյութեր

Լրահոս