Բաժիններ՝

Ղրղզստանում կալանք է դրվել Աթամբաևի բոլոր հաշիվների վրա

Ղրղզստանում կալանք է դրվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա, որը 12 քրեական գործերի ֆիգուրանտ է: Այդ մասին այտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Քրեական այն գործերի հետաքննության շրջանակում, որոնց ֆիգուրանտ է Ալմազբեկ Աթամբաեւը, կալանք է դրված գույքի, արժեթղթերի, բաժնետոմսերի, Ղրղզստանի Հանրապետության բանկերում առկա բոլոր հաշիվների վրա»,- հայտարարել են մամուլի ծառայությունում:

Հսկիչ մարմնի տվյալներով՝ կալանք է դրված նաեւ նախկին նախագահի կնոջ՝ Ռաիսա Աթամբաեւայի ամբողջ ունեցվածքի ու հաշիվների, ինչպես նաեւ Աթամբաեւի հետ կապված ընկերությունների ունեցվածքի վրա, որոնց թվում են՝ «Ղրղզավտոմաշ»-ը, «Ապրիլ» հեռուստաալիքը, «Մեդիաֆորում» բաց բաժնետիրական ընկերությունը եւ որիշներ:

Ավելի վաղ Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Աթամբաեւին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս: Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման եւ լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ:

Նաեւ Աթամբաեւին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը եւ նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաեւ Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւի անօրինական ազատման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս