«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ
2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:
2019 թվականի օգոստոսի 14-ին գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։
Գործի դատավարական նախապատմությունը հետևյալն է․
Դեռևս 2018 թվականի հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնատար անձի կողմից հաղորդում էր ներկայացվել առ այն, որ 2018 թվականի հունիսի 22-ից մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով փակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքների մուտքերը, վերջիններիս կողմից հասարակական կարգի կոպիտ խախտման գործողություններով զուգորդված՝ իրականացվում է ինքնիրավչություն, որի հետևանքով Ընկերությանը շարունակաբար վնասներ է կրում։
Նախապատրաստված նյութերով գործի հարուցումը մերժվել էր հետաքննիչի կողմից, և այդ դիրքորոշումը պաշտպանվել էր Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազության կողմից, իսկ բոլոր երեք ՀՀ դատական ատյանները պաշտպանել են «Լիդիան Արմենիա» ընկերության դիրքորոշումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացրել էր 2019 թվականի հուլիսի 18-ին։
Կատարվում է նախաքննություն։