«WCIT 2019»-ի հյուրերի համար պահվել է երևանյան 50 հյուրանոցի 1500 համար
ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրերին մասնակիցների հարմարավետ կեցությունն ապահովելու նպատակով պահվել են Երևանի և հարակից բնակավայրերի հիմնական հյուրանոցները։
Ընդհանուր առմամբ պահվել է 50 հյուրանոցի տարբեր դասի շուրջ 1500 համար։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովի այցելուները կարող են հյուրանոցի ամրագրումն իրականացնել միջոցառման պաշտոնական կայքի միջոցով:
Համաժողովը կհյուրընկալի ՏՏ աշխարհի առաջատարների ու նորարարների, գլոբալ քաղաքականության առաջնորդների, կառավարությունների ու կորպորացիաների, սկսնակ ձեռնարկությունների ղեկավարների, խոշոր ներդրողների: «WCIT 2019» -ի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2000 մասնակից՝ շուրջ 70 երկրից. նրանք քննարկումներ կանցկացնեն «Ապակենտրոնացման ուժը․ ակնկալիք և վտանգ», «Մեքենաները հառնում են», «Սև Կարապ», «Բլոքչեյնի նորարարությունը խաչաձևվում է կապիտալի հետ», «Արհեստական բանականությունը գենոմիկայում», «Որքան կանաչ է Սիլիկոնային հովիտը», խելացի քաղաքներ, ստարտափներ և ինկուբատորներ թեմաներով։
Հաշվի առնելով նախնական գրանցումների թիվը, հնարավոր է Հայաստան ժամանեն ավելի մեծ թվով մասնակիցներ, ուստի Ծաղկաձորի, Աղվերանի և Հայաստանի այլ քաղաքների հյուրանոցները նույնպես պատրաստ են միջոցառմանը։
Բարձրաստիճան գործիչների հյուրընկալության նպատակով միջոցառման գլխավոր գործընկերներ են դարձել «Արմենիա Մարիոթ հոթել Երևան» և «Ռեդիսոն Բլու հոթել Երևան» հյուրանոցները։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը կազմակերպում է նաև պատվիրակությունների ու մասնակիցների տեղափոխումը օդանավակայան-հյուրանոցներ, իսկ համաժողովի օրերին՝ քաղաքի կենտրոնից-միջոցառման վայր՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, և հակառակ ուղղություններով։
Համաժողովի կազմակերպման գրասենյակն ավելի վաղ հայտարարել է աշխարհի 19 առաջատար ավիաընկերություն միավորող «Sky Team Airline Alliance»-ի հետ համագործակցության մասին, համաձայն որի, «WCIT 2019»-ի օրերին Հայաստան այցելող հյուրերի համար մինչև 15 տոկոսի զեղչեր են սահմանվել։ «Սքայ թիմն» իր համակարգում «WCIT 2019» անունով հատուկ էջ է բացել՝ հնարավորություն տալով առցանց ամրագրումներ անել աշխարհի ցանկացած կետից, որպես վերջնական ուղղություն նշելով Երևանը։ «Սքայ թիմի» անդամ են մոլորակի գրեթե բոլոր գործարար անկյունները կապող 19 ավիաընկերություններ, որոնք օրական 14 500-ից ավելի թռիչք են իրականացնում՝ ծածկելով աշխարհի 179 երկրի ավելի քան 1150 ուղղություն։
***
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։