Ֆրանսիացի «Սարդ-մարդը» հաշտության կոչով դրոշ է ամրացրել Հոնկոնգի երկնաքերի վրա. AFP
Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը, որը ժողովրդի մեջ ստացել է «Սարդ-մարդ» մականունը, Հոնկոնգի երկնաքերներից մեկի վրա ամրացրել է դրոշ՝ յուրատեսակ կոչ Չինաստանին եւ Հատուկ վարչական շրջանին հաշտվելու բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Պեկինի պայմաններով արտահանձնման մասին օրենքն ընդունելու Հոնկոնգի իշխանությունների մտադրությունից դժգոհության պատճառով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը:
Կադրերում երեւում է, թե ինչպես է ալպինիստի վառ հանդերձանքով տղամարդը ամրացնում պաստառը, որի վերին մասում պատկերված են Չինաստանի եւ Հոնկոնգի դրոշները, իսկ դրանց տակ՝ խորհրդանշական ձեռքսեղմում, ինչն իրենից ներկայացնում է հաշտության կոչ Հատուկ վարչական շրջանում Չինաստանի քաղաքականության դեմ մի քանի ամիս չհանդարտվող բողոքներից հետո:
Երկնաքերը, որի ճակատամասին Ռոբերն ամրացրել է իր դրոշը, պատկանում է հայտնի բարեգործ եւ Ասիայի ամենաազդեցիկ գործարարներից մեկին՝ հոնկոնգցի մագնատ Լի Կա Շինին, նշել է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ բիզնեսմենն ինքը, որը գործարար շրջաններում հայտնի է Սուպերմեն մականունով, տեղի թերթերում հրապարակել է մի շարք հայարարություններ, որոնցում բողոքների դադարեցման կոչ է արել քաղաքացիներին:
«Սիրեցե՛ք Հոնկոնգը, սիրեցե՛ք Չինաստանը, սիրեցե՛ք ձեզ»,- ասված է դրանցից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: