Բաժիններ՝

«Բուհերի ղեկավարներին հորդորել ենք առաջնորդրվել բացառապես օրենքով սահմանված կարգով». ԿԳՄՍ նախարարի խոսնակը՝ ուսման վճարների ժամկետների հետ կապված խնդրի մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  ֆեյսբուքյան  իր էջում անդրադարձել է բուհերում ուսման վարձերի վճարման ժամկետների հետ կապված խնդիրներին և դատախազությանն ու Արայիկ Հարությունյանին կոչ էր արել ուշադրություն դարձնել խնդրին։ Նա մասնավորապես գրել է. «Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել, որը վաղուց ուժի մեջ է, և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար, իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։

Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ` նշելով կոնկրետ տվյալներ։ Հատուկ նշում են, որ այս խնդիրը լուծվելու է՝ ուզեք թե չուզեք, ստիպելու եմ, մինչև բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։ Հերի´ք եղավ ձևականությունների»։

168.am-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատգամավորի բարձրաձայնած խնդրին ծանոթ են, և նախարարությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։

«ԿԳՄՍՆ «թեժ գծին» նույնպես ստացել ենք զանգեր ուսման վարձերի վճարման ժամկետների վերաբերյալ, որից հետո բուհերի ղեկավարներին հորդորել ենք առաջնորդվել բացառապես օրենքով սահմանված կարգով»,- ասաց Ա. Կժդրյանը։

Հարցին՝ կոնկրետ ո՞ր համալսարաններից են ստացել բողոքները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նման վիճակագրություն այս պահին չունի։

«Մենք բոլոր դիմումների հետևից գնում ենք, եթե նման խնդիր կա, ապա բոլորը կարող են դիմել նախարարություն, և վստահաբար իրենց դիմումը կքննվի»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարի խոսնակը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս