Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 35,5 տոկոսով
Ճշտված տվյալների համաձայն, 2018 թվականին Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 35,5 տոկոսով: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, հայտնել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիթա Թոդրաձեն:
Ըստ նրա՝ անցյալ տարի Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ 265 մլն 200 հազար, իսկ 2017 թվականին՝ 1 մլրդ 962 մլն 600 հազար ԱՄՆ-ի դոլար:
Գոգիթա Թոդրաձեն նշում է օտարերկրյա ներդրումների կրճատման մի քանի պատճառ, մասնավորապես, մայրուղային գազատարի շինարարության ավարտումը, մի քանի ձեռնարկությունների անցումը Վրաստանի ռեզիդենտների սեփականությանը, ինչպես նաեւ պարտավորությունների կրճատումը ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների հանդեպ:
Հարկ է նշել, որ 2018 թվականին գրանցված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն ավելի պակաս է ինչպես 2017 թվականի ցուցանիշի, այնպես էլ 2016, 2015 թվականների ցուցանիշների համեմատությամբ: