Լեյբորիստների առաջնորդը պատրաստվում է անվստահություն հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը

Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու եւ այն բանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական ընդդիմության առաջնորդի նամակը, որը նա հղել Է այն պահպանողական պատգամավորներին, որոնք հանդես են գալիս առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեմ, ինչպես նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների:

«Այս կառավարությունն առանց գործարքի դուրս գալու սցենարի իրականացման մանդատ չունի (…) Ուստի ես մտադիր եմ անվստահության քվե հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ մենք համոզված լինենք հաջողության հարցում»,- ասված է Քորբինի նամակում:

«Կառավարությանը հաջողությամբ անվստահության քվե հայտնելուց հետո ես՝ որպես ընդդիմության առաջնորդ, կձգտեմ հասնել Համայնքների պալատի վստահությանը բացառապես ժամանակավոր կառավարություն կազմելու համար՝ ընդհանուր ընտրությունների անցկացման եւ դրա համար անհրաժեշտ (Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածի երկարաձգման նպատակով»,- գրել է նա:

Քորբինը նաեւ հայտարարել է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս