Լոռու մարզպետը հերթական «բացահայտումն» է արել. կարո՞ղ է հայտնվի իր փորած փոսում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գեւորգյանին։

Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական են: «Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,- գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաեւ նշված որոշման տեքստը:

Մարզպետը նաեւ խոստացել է նմանատիպ բոլոր փաստերը հերթով ներկայացնել լոռեցիների դատին, ապա նաեւ՝ համապատասխան մարմիններին: Անդրեյ Ղուկասյանը հայտնել է նաեւ, որ վեր հանված փաստերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր: Մարզպետի հետաքննչական աշխատանքները լոռեցիների շրջանում միամիտ խոսակցությունների առիթ են դարձել՝ «կարո՞ղ է մարզպետը հայտնվի իր փորած փոսում»։

Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում Ղուկասյանը մինչ հեղափոխությունը հողատարածք էր գնել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուց՝ հանրահայտ Քաղցրիկից՝ Արման Դարբինյանից, ու կարող է պարզվել, որ այդ հողատարածքն էլ է ապօրինի ու Դարբինյանների գերդաստանի ձեռքում է հայտնվել «իշխանությունների կատարած գործարքների» արդյունքում։

Ի դեպ, հենց այդ հողատարածքի վրա հեղափոխությունից հետո մարզպետը սկսել է մեծ ատամնաբուժարան կառուցել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս