
Հնդկաստանի հարավի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հարավի Քերալայի նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով, որոնք հանգեցրել են ավելի քան 90 մարդու մահվան: Այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը:
«Մենք այս ողբերգության հետեւանքները կհաղթահարենք միավորվելով»,-հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Փինարայի Վիջայանը: Նշվում է, որ արտակարգ ռեժիմը վերաբերել է Իդուկիի, Էռնաքուլամի եւ Ալեփիի շրջաններին: Աղետի շրջաններում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները:
Ինչպես օգոստոսի 13-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները, առնվազն 202 մարդ զոհվել է Հնդկաստանի հարավում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Ավելի վաղ հաղորդվել էր 184 զոհվածի մասին:
Հրատարակության տվյալներով՝ փրկարարները հեղեղված շրջաններից տարհանել են 1,2 մլն մարդու, այժմ նրանք գտնվում են ժամանակավոր տեղավորման կենտրոններում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: