
Ընդդիմադիր ուժերն օգոստոսի 18-ին նոր խոշոր ցույց են ազդարարել Հոնկոնգում

Հոնկոնգում ընդդիմադիր ուժերը մտադիր են առաջիկա կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, նոր լայնընդգրկուն ցույց կազմակերպել քաղաքի կենտրոնում:
Ակցիայի կազմակերպիչները՝ «Քաղաքացիական ճակատ հանուն մարդու իրավունքների» պրոդեմոկրատական կազմակերպությունից, հույս ունեն, որ այն կներգրավի մինչեւ 300 հազար մարդ: Այդ մասին հայտնել է RTHK ռադիոկայանը:
Հանրահավաքը պլանավորվում է սկսել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին)՝ Վիկտորիա պարկում եւ ավարտել գործարար կենտրոնում: Կազմակերպիչները հայտնել են, որ երթի անցկացման պաշտոնական հայտ են ներկայացրել, իշխանություններն առայժմ դրա վերաբերյալ որոշում չեն կայացրել:
Անցած հանգստյան օրերին Հոնկոնգի ոստիկանությունն անվտանգության նկատառումներով հրաժարվել էր ցույցեր արտոնել քաղաքի չորս շրջանում: Սակայն դա պրոդեմոկրատական ակտիվիստներին հետ չպահեց բողոքի ակցիաներին մասնակցելուց, որոնց ընթացքում բախումներ եղան իրավապահ մարմինների հետ, տուժեց 40 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: