
Թեհրանը կոչ է արել Հնդկաստանին կարգավորել Քաշմիրի իրադրությունը

Թեհրանն անհանգստություն է հայտնում Քաշմիրի տարբեր շրջաններում ստեղծված ներկայիս իրադրության կապակցությամբ եւ Հնդկաստանի իշխանություններին կոչ է անում՝ միջոցներ ձեռնարկել դրա նորմալացման համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք կոչ ենք անում հնդկական իշխանություններին՝ հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել իրադրության նորմալացման համար, որպեսզի մարդիկ կարողանան առօրյա կյանքին վերադառնալ եւ ամբողջությամբ օգտվել իրենց բնական իրավունքներից»,- Մուսավիի խոսքը մեջբերում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչն «ուշադրություն է դարձրել Քաշմիրի տարբեր շրջաններում ընթացիկ իրադրության վերաբերյալ հայտնված նորություններին»:
Նրա խոսքով՝ «հաղորդագրություններից հետեւում է, որ տարածաշրջանում դիտվում են անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք ազդում են սովորական քաղաքացիների կյանքի վրա»: «Դա անհանգստություն է առաջացնում»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: